Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրոն` Աղավնոն ու Բերձորը հանձնելու մասին

Հայտարարության համաձայն` Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանության պատասխանատվությունից, միաժամանակ հրահրում է հակառուսական տրամադրություններ՝ հավելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Աղավնոն ու Բերձորը Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունը կրում են Հայաստանի և Արցախի իշխանությունները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ բյուրոյի գրասենյակը։

«Ինչպես 2020 թ.-ի պատերազմի ահավոր հետևանքների, այնպես էլ մինչև այսօր թշնամուն հայկական բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունների վրա։ Ո՛չ մեկը չի խուսափի պատասխանատվությունից»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՅԴ բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանությունների «պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի երևութական բաժանմամբ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը», որի վերջին օրինակներից է հայկական Աղավնոյի ու Բերձորի հանձնումը Ադրբեջանին։
Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու ազգակործան որոշում. ՀՅԴ Բյուրո
Ըստ ՀՅԴ ղեկավար կառույցի` իշխանությունները ոչ միայն համաձայնել են հանձնել հայկական տարածքները թշնամուն, այլև իրենց պատախանատվությունը բարդում են ուրիշների վրա։ Հայտարարության համաձայն` Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանության պատասխանատվությունից, միաժամանակ հրահրում է հակառուսական տրամադրություններ՝ հավելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։
Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների կոթողները կտարհանվեն Արցախ, որոշները` Հայաստան
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։