Ոչ աշխատանքային ժամ է. Էդգար Ղազարյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չկայացավ

Էդգար Ղազարյանը զրուցում է իրավապահների հետ
Կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները հանրահավաքի մասնակիցներին հայտնեցին, որ աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Անկախության շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում։ Մինչ հանրահավաքը նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախատեսում է այսօր հանդիպել Փաշինյանին, իսկ հետո հայտարարեց, որ գնում է կառավարության շենք` վարչապետին ներկայացնելու նրա հեռացման 3 տարբերակներից մեկը` հրաժարականի պահանջը։
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նրան հայտնեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։
Հարցին` արդյոք Փաշինյանը տեղում է, թե ոչ, նրան հստակ պատասխան չտվեցին։
Ղազարյանն առանձին զրուցեց Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանի հետ, ինչից հետո նրա համար պարզ դարձավ, որ վարչապետը տեղյակ է հանդիպման մասին։

«Մանրամասներ չեմ հայտնի մեր զրույցից, սակայն հանդիպումը վստահաբար չի կայանալու։ Իմ տպավորությամբ, նա վախենում է այդ հանդիպումից։ Երկրորդ հանդիպման փորձ այլևս չի լինի»,- նշեց Ղազարյանը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Ամո՛թ»։
Օրերս Ղազարյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժման ակցիաները մեկնարկում են օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Նա նաև ասել էր, որ հանրահավաքների միջոցով մտադիր են մինչև սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։