ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբն է, իսկ 1991թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն` դե յուրե ավարտը, բայց այդ գործընթացն իրականում մինչ օրս էլ ավարտված չէ։
Փաշինյանի դիտարկմամբ` անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ։ Մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:
Անկախությունը, Փաշինյանի մեկնաբանությամբ, ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:
«Անկախությունն առերեսում է, և հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք: Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, և սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան: Անկախությունն ազատություն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ և անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, և քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար»,- նշում է վարչապետը:
Անկախությունը, նրա խոսքով, նաև իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը և ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան, անկախությունն աշխատանք է, որը պետք է ստեղծի և արարի և ոչ թե մսխի ու փչացնի:
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել
Հայաստանի Հանրապետություն:
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: