ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների օրացույցում որևէ փոփոխություն չի եղել։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում հաղորդում էր տարածվել, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Ընտրությունների օրացույցում որևէ փոփոխություն չկա։ Ընտրությունները կանցկացվեն ժամանակին», – TRT Haber–ի փոխանցմամբ` վստահեցրել է Չելիքը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունն ավելի վաղ «Ժողովրդի դաշինք» էին ձևավորել։ Թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բախչելին հայտնել էր, որ Էրդողանն առաջիկա ընտրություններում կառաջադրվի «Ժողովրդի դաշինքից»։
Ավելի ուշ ինքը` Էրդողանը, համախոհների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի աթոռի համար։ Նա հորդորել է իր հիմնական մրցակցին` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հայտարարել ընդդիմության թեկնածուի անունը։