ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ում ծանր սպառազինություն չի տեղադրում և կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Մենք հաստատում ենք, որ կայանում առողջ աշխատանքային մթնոլորտ է, և ոչ ոք այնտեղ ոչ մեկին չի ճնշում։ Հակառակ Կիևի ռեժիմի և նրա կուրատորների կեղծ հայտարարությունների՝ Ռուսաստանը ԶԱԷԿ տարածքում ծանր սպառազինություն չի տեղակայում և կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով», - ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել լուսանկարներ, որոնցում երևում է, որ զենք, առավել ևս` ծանր սպառազինություն չկա կայանի տարածքում:
«Զապորոժիեի ԱԷԿ-ին նվիրված խորհրդի նախորդ նիստից անցել է մոտ երկու շաբաթ։ Այդ ընթացքում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակն ավելի է վատթարացել», - ասել է Նեբենզյան։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները մոտ ժամանակներս կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ, և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
«Ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն այնուամենայնիվ կկայանա մոտ ժամանակներս, և գործակալության մասնագետները կկարողանան ներկայացնել կայանի իրական դրությունը: Մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել բոլոր կազմակերպչական հարցերում», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Հիշեցնենք` Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: