ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Օգոստոսի 14-ին «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյուններից հետո այսօր առաջին անգամ բացվեցին «Փեթակ» առևտրի կենտրոնի դռները։
Հայտնել էինք, որ այսօր միակողմանի բացվել է դեպի «Փեթակ» տանող ճանապարհը, և առևտրի կենտրոնը սկսել է աշխատել։
Շուրջ 10 օր առանց աշխատանքի մնացած տնտեսվարողները մոտենում են իրար, հարցուփորձ անում, թե ինչ վիճակում են ապրանքները, հատկապես սնունդը։ Մսամթերք վաճառողներից մեկի` անհատ ձեռներեց Կարենի սառնարանը դատարկ է, պայթյունից հետո մթերքը տեղափոխել է այլ սառնարան։
«Փեթակ» առևտրի կենտրոնը «Սուրմալուի» պայթյունից 9 օր անց
© Sputnik / Aram Nersesyan
«Պայթյունից հետո որոշեցի մսամթերքն այլ տեղ տանել, քանի որ կարճ միացման հետևանքով կարող էին սառնարաններն անջատվեին և եղածը փչանար։ Բաստուրման հետ եմ վերադարձրել, բայց արդեն որպես միս, այսինքն` ավելի էժան գներով։ Դրանից բացի, մի քանի տասնյակ կիլոգրամ էլ նրբերշիկ ու վիտչինա եմ թափել, քանի որ դրանք 7-10 օր կարող էինք պահել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Կարենը։
Հարցին, թե արդյո՞ք նրբերշիկն այն վիճակում չի եղել, որ գոնե բաժաներ բարեկամ-հարևաններին, Կարենը հումորով է պատասխանում` ասելով, թե տվել է, բայց իրենց փողոցի Արշակի շանը։
Հավելում է` բողոքել չի սիրում, կաշխատեն, «տակ տվածը» կհանեն, չէ՞ որ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել, մսամթերքի եղածն ինչ է, որ դարդ անի։
«Փեթակ» առևտրի կենտրոնը «Սուրմալուի» պայթյունից 9 օր անց
© Sputnik / Aram Nersesyan
«Փեթակի» ժամանակավոր փակ մնալուց ամենաշատը տուժել են սեզոնային ապրանքներ ունեցողները, հատկապես նրանք, ովքեր դպրոցի պարագաներ են վաճառում։ Անհատ ձեռներեց Հրաչը «Փեթակում» դպրոցական պայուսակներ, փչովի լողավազան, հովացուցիչ է վաճառում։ Ասում է` իր առևտրի ամենալավ սեզոնն օգոստոս ամիսն է։
«Իմ տաղավարում ամենաշատը հենց դպրոցական պայուսակներ են, որոնք նոր-նոր էինք ստացել։ Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ դրանց մեծ մասը այս 10-20 օրվա մեջ պետք է վաճառվեր։ Հիմա տեսնենք, թե այս շաբաթ ինչ կծախվի, որ մնացածը պահեստավորենք։ Այսինքն` 10 օր առևտուր չենք ունեցել, պահեստավորման համար գումար պետք է ծախսենք և դեռ հաջորդ տարի էլ կես գնով պետք է վաճառենք, որ գնեն դրանք»,–ներկայացնում է Հրաչը։
«Փեթակ» առևտրի կենտրոնը «Սուրմալուի» պայթյունից 9 օր անց
© Sputnik / Aram Nersesyan
Տեղի ԱՁ-ներից Հովհաննես Հովհաննիսյանն էլ կոսմետիկա է վաճառում, ասում է, որ այսօր տաղավարը կմաքրեն, իսկ վաղվանից կսկսեն բնականոն հունով աշխատել։ «Եկել և մեր աղջկան (խմբ. `աշխատակցին) հարցնում եմ, թե ոնց է այս մի շաբաթը յոլա գնացել։ Ինքն էլ ասում է` մի կերպ` հարևանից, մյուսներից գումար է վերցրել, որ ապրի։ Հիմա եկել է աշխատանքի, և դեմքին ժպիտ կա»։
Տեղի չրավաճառներից մի կին էլ ասում է, որ իր ապրանքին ոչինչ չի եղել` չրերը հատուկ պահման պայմաններ չեն ուզում։ Կինն ասում է` հույսը զբոսաշրջիկներն են, որոնք այս ամիս բավական շատ են, և հաճախ են այցելում առևտրի կենտրոն։ «Հուսանք` վերադառնալուց առաջ կգան մեզ մոտ և առևտուր կանեն, որ չաշխատածը հանենք»։
Ի դեպ, այսօր արդեն իսկ առաջին գնորդներ էին եկել «Փեթակ», որոշակի առևտուր էլ եղավ, սակայն տաղավարներն ամբողջությամբ կբացվեն վաղը։
«Փեթակ» առևտրի կենտրոնը «Սուրմալուի» պայթյունից 9 օր անց
© Sputnik / Aram Nersesyan
Հավելենք նաև, որ «Փեթակը» չնայած հոսանքազրկված է եղել, սակայն սառնարաններն աշխատել են։ Միաժամանակ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Փեթակում» մշտադիտարկում է իրականացվում։