Նիկոլ Փաշինյանը Ղրղզստան կմեկնի

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմից։
Օգոստոսի 25-26-ը ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Փաշինյանին կուղեկցեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Օգոստոսի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի նեղ կազմով, օգոստոսի 26-ին՝ ընդլայնված։
Նիստի օրակարգում է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը, արդյունաբերական համագործակցության ֆինանսավորումը, ալկոհոլի շուկայի կարգավորումը, եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը։
Բացի այդ, համաժողովի շրջանակում տեղի կունենան մի շարք երկկողմ և բազմակողմ բարձր մակարդակի հանդիպումներ։
Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրմամբ, ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։