Մասիսի համայնքապետարան մտած տղամարդը Համբարձումյանի եղբոր հետ պարտքուպահանջ է ունեցել. ԶԼՄ

Մասիսում կարծում են` այս պատմությունը շարունակություն է ունենալու. հանգուցյալի ավագ եղբայրը բավական տաքարյուն երիտասարդ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ուրբաթ օրը նռնակով Մասիսի համայնքապետարան ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպանություն գործած Էդուարդ Մարգարյանը, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, եղել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանի երբեմնի դաշնակիցը՝ Մասիսի ավագանու անդամ էր 2016-2021 թթ․, գրում է «Հրապարակը»։

«Պատմեցին, որ քաղաքապետի եղբայրը` Գոռ Համբարձումյանը, Մարգարյանի՝ «Լոշտ Էդոյի» միջոցով բազում «գործեր» է արել, և արդյունքում փողի պարտք-պահանջի խնդիր է առաջացել նրանց միջև։ Նա տևական ժամանակ քաղաքապետի հետ հանդիպում է պահանջել, փորձել նրանից ստանալ իր «ստանալիքը»։ Դեպքի օրն էլ ժամադրություն է փորձել պլանավորել, բայց Համբարձումյանը մերժել է, որից հետո նա վերցրել է զենք-զինամթերքն ու գնացել քաղաքապետարան»,- գրում է թերթը։

Նշվում է նաև, որ Մարգարյանը վերջին շրջանում որոշ տարօրինակություն էր դրսևորել, թերևս պայմանավորված խմիչքի չարաշահմամբ։ Ի դեպ, չնայած դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, բայց մինչև երեկ դին դիահերձարանից տուն չէին տարել, քանի որ հարազատները պահանջել են, որ դատաբժշկական եզրակացության մեջ հանգուցյալի մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները նշվեն։ Ասում են` ամիսներ առաջ նրա ուսին են կրակել, հետո գործը ծածկադմփոց արել, և հայրը պահանջում է, որ դա ֆիքսեն։
Թերթը գրում է նաև, որ Մասիսում կարծում են` այս պատմությունը շարունակություն է ունենալու. հանգուցյալի ավագ եղբայրը բավական տաքարյուն երիտասարդ է, և հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն եղբոր մահից հետո։
Հիշեցնենք` 36-ամյա Էդվարդ Մարգարյանը օգոստոսի 19-ին ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ իրավապահների, նա ինքնասպան է եղել։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։