Կփորձեմ հանդիպել Փաշինյանի հետ. Ղազարյանը` վարչապետի հրաժարականի պահանջի մասին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նշեց, որ հանրահավաքի ընթացքում մի քանի ելույթ ու հետագա անելիքների մասին հայտարարություններ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Անկախության շարժում» անվանումով նախաձեռնությունը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է սկսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողներին ասաց, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օրերս Ղազարյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժման ակցիաները մեկնարկում են օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը։

«Ընթացքում մի քանի ելույթ կլինի, հետագա անելիքների մասին հայտարարություններ կանեմ։ Մեր քաղաքացիների թույլտվությամբ` իրենց անունից փորձելու եմ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարծում եմ, որ նա բացակայում է կառավարական շենքից, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող գալ։ Մեր հասարակությունն իր համար 2 մլն դոլար արժողությամբ ծառայողական մեքենա է ձեռք բերել։ Հեռու լինելու դեպքում էլ կարող է ուղղաթիռ նստել ու գալ հանդիպման»,–լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Ղազարյանն օրեր առաջ հայտնել էր, որ հանրահավաքների միջոցով մտադիր են մինչև սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի. Փաշինյանն ուղերձ է հղել