Կիևում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

ԱՄՆ-ի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է վերգետնյա տրանսպորտով հեռանալ Ուկրաինայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կիևում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան։ Տեղեկությունը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան՝ օգտագործելով առկա ցամաքային տրանսպորտային միջոցներն այն դեպքում, եթե դա անվտանգ է», - նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն ՝ այս միջոցը ձեռնարկվում է առաջիկա օրերին «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական հաստատությունների վրա ռուսական ենթադրյալ հարվածների սպառնալիքի պատճառով»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։