ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում անցկացված «Տեր և տիկին» մրցաձևում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Մրցաձևն անցկացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» մրցաձևը
«Հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Հաղթողին որոշել է մշակույթի գործիչներով համալրված ժյուրին։ Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, բացազատվել են նաև ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» մրցաձևը
«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտվել են: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, կհայտարարվեն լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» մրցաձևը
Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին:
Հիշեցնենք, որ 2009 թվականից ի վեր «Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է ամեն տարի: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: