Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Ռուսական կինոյի օրեր» առցանց փառատոնը

Կինոսրահ
Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը կտեսնի կատակերգական սերիալներ, ֆիլմեր, զարմանալի անիմացիաներ։ Այս ամենը` հայերեն ենթագրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Ռուսական կինոյի օրեր» առցանց փառատոնը, որը կազմակերպել է «ՌՈՍԿԻՆՈ» ընկերությունը՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ:
Այն մեկնարկել է օգոստոսի 22-ին և կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Փառատոնի շրջանակում ռուսական հայտնի սերիալներն ու ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
Ծրագրում հինգ ռուսական ֆիլմ կա` «Եվ նորից բարև ձեզ» սերիալը՝ Անդրեյ Մերզլիկինի մասնակցությամբ, Աննա Մելիքյանի «Քնքշություն» մելոդրամատիկ սերիալը, «Ընտանեկան բյուջե» կատակերգությունը (քվեստ այն մասին, թե ինչպես վճարել հիփոթեքային վարկը), ինչպես նաև «Սուպեր Մյաու» և «Երկու պոչ» մուլտֆիլմերի հմայիչ հերոսների արկածները:
«Մենք ուրախ ենք, որ հայ հանդիսատեսին ծանոթացնելու ենք ժամանակակից ռուսական կինոյի տարբեր ժանրերին։ Հայկական եւ ռուսական կոնտենտի ինդուստրիան շփման շատ կետեր ունի, ռուսական կինեմատոգրաֆում աշխատում են բազմաթիվ տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ՝ հայկական արմատներով»,- ասել է «ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն։
Նրա խոսքով՝ ռուսական կինոյի օրերը շարունակում են Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքը:
2020-2021 թվականներին փառատոնն անցկացվել է 23 երկրում և ավելի քան մեկ միլիոն հանդիսատես հավաքել։