Ցույցեր Բաղդադում․ Իրաքի վարչապետն ընդհատել է այցը Եգիպտոս

Ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցները «բաց գործադուլ» են սկսել Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի գլխավոր շենքի մոտ` փաստացի արգելափակելով դրա աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին ընդհատել է իր այցը Եգիպտոս՝ Բաղդադի Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։
Իրաքի ղեկավարը Եգիպտոսի էլ-Ալամեյն քաղաքում մասնակցում էր արաբական մի շարք պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որը մեկնարկել է օգոստոսի 22-ին։
«Երեքշաբթի առավոտյան վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին երկրում իրադրության զարգացման լույսի ներքո և ուժային կառույցների կողմից դատական իշխանության և պետության մարմինների պաշտպանության իրենց պարտականությունների կատարման նկատմամբ անմիջական վերահսկողության նպատակով ընդհատել է իր այցը Եգիպտոս և վերադարձել է Բաղդադ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաները Իրաքի խորհրդարանում, երկրի Գերագույն դատական խորհրդին կոչ էր արել ցրել օրենսդիր ժողովը։ Դատական մարմինը մերժումով էր պատասխանել։
Բաղդադն անհանգիստ է. ի՞նչ է կատարվում Իրաքի մայրաքաղաքում
Հիշեցնենք, որ Իրաքը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Դեռ 2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հանրապետության նոր նախագահ ընտրել և կառավարություն ձևավորել։
Մայիսին խորհրդարանական ընտրություններում հաղթած աս-Սադրի դաշինքը կառավարության ձևավորման մի քանի նախաձեռնությունների ձախողումից հետո հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին՝ այդպիսով մյուս կուսակցություններին և անկախ խորհրդարանականներին հնարավորություն տալով կառավարություն ձևավորել։ Հունիսին դաշինքի պատգամավորները հրաժարական տվեցին կառավարության ձևավորման ձգձգվող ճգնաժամի ֆոնին։