Չարաշահումներ են հայտնաբերվել մանկավարժական համալսարանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի մանկավարժական համալսարան
Համալսարանի նախկին ռեկտորն ինքն իրեն լրավճարներ է հատկացրել` առանց հոգաբարձուների խորհրդի որոշման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում առերևույթ խախտումներ է հայտնաբերել։

ՊՎԾ-ի հաղորդագրության համաձայն` ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համալսարանի 25 աշխատակիցներ Հայաստանից բացակայելու պայմաններում աշխատավարձ են ստացել, իսկ 12 ուսանողներ ՀՀ-ից բացակայելու ու դասերին չմասնակցելու պայմաններում ավարտական դիպլոմներ են ստացել։

Բացի այդ, համալսարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների վառելիքի ամսական ծախսի հաշվետվություններում ներառված են եղել կեղծ տվյալներ։ Իրականությանը չհամապատասխանող տվյալներ են հայտնաբերվել նաև հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված ու վաճառված մեքենաների վերաբերյալ։ Համալսարանի նախկին ռեկտորն ինքն իրեն լրավճարներ է հատկացրել` առանց հոգաբարձուների խորհրդի որոշման։
Ուսումնասիրության արդյունքներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (վստահված գույքը հափշտակելը), 441-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայողական լիազորությունները չարաշահելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) հատկանիշներով: