ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն վաղը` Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հայտարարելու է Կիևին 3 մլրդ դոլար ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Associated press գործակալությունը։
Գործակալության տվյալներով` Կիևին տրամադրվելիք օգնության նոր փաթեթը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար և ուղղված է ուկրաինական զորքերի պատրաստմանն ու սպառազինմանը, որպեսզի նրանք կարողանան մարտական գործողություններ իրականացնել ևս մի քանի տարի։ Նշվում է, որ միջոցները կուղղվեն Կիևին դրոններ և սպառազինություն մատակարարելու պայմանագրերին, որը կարող է մարտի դաշտում հայտնվել ոչ շուտ, քան 1-2 տարի հետո։
Ուկրաինան օգոստոսի 24-ին նշելու է Անկախության օրը։ 1991 թվականի այդ օրը ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հանրապետության անկախության հռչակման ակտը։