Ամեն օրը անկախությունը պահպանելու հրամայական է. ՀՀ և ՀՀ ԱԺ նախագահները ուղերձներ են հղել

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Անկախության հռչակագրի բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ այն արտացոլում է հայ ժողովրդի և հայկական պետության հավաքական նպատակներն ու իղձերը։ Այսօր, ինչպես 30 տարի առաջ, հայերը պետք է պատրաստ լինեն դիմագրավել բոլոր փորձությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս խոսքը հղել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում։

«Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը»,- նշված է ուղերձում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր օրը անկախությունը պահպանելու հրամայական է։

«Մեր տևական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ և բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ»,- նշել է Սիմոնյանն իր ուղերձում:

Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։ Մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, իսկ սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։
Ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի. Փաշինյանն ուղերձ է հղել