ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է Տաշիր քաղաքի անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի` «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում:
Արտադրամասում կատարվել է մանրակրկիտ ախտահանություն:
Նշենք, որ օրեր առաջ ՍԱՏՄ–ն որոշում էր կայացրել կասեցնել կաթնամթերքի արտադրությունը, կատարվել էր նմուշառում, ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Փորձարկման արդյունքները փաստել էին, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին։