ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կոսովոյում գրանցված սրացումը պետք է լուծվի՝ հարգելով Բելգրադի օրինական շահերը։ Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Իհարկե, այն առաջին հերթին պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և անպայման արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը։ Մենք կընդունենք միայն այնպիսի արդյունք, որը կընդունի Սերբիան։ Մենք մեր սերբ բարեկամներին բազմակողմանի աջակցություն կտրամադրենք այդ արդյունքին հասնելու համար»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 1-ին, երբ ինքնահռչակ հանրապետության իշխանությունը որոշեց արգելել սերբական համարանիշներով ու փաստաթղթերով մեքենաների մուտքը:
Կոսովոյի հյուսիսում, որտեղ մեծ թվով սերբեր են բնակվում, անկարգություններ սկսվեցին, ինչին ի պատասխան ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ոստիկանական ուժեր կենտրոնացրին։
Սակայն ԱՄՆ-ի խնդրանքից հետո Կոսովոն մեկ ամսով հետաձգեց մուտքի արգելքը: Բելգրադում ողջունեցին այդ քայլը՝ ասելով, որ Սերբիայի ղեկավարությունը և Պրիշտինայի իշխանությունները մեկ քայլ են հեռու լուրջ հակամարտությունից, սակայն պաշտոնական Բելգրադին հաջողվել է պահպանել խաղաղությունը։