Կարեն Գիլոյանն ընդունել է Թուրքիայից 6 մեդալով վերադարձած կրտսեր տարիքի բռնցքամարտիկներին

Կարեն Գիլոյանն ընդունել է Թուրքիայից 6 մեդալով վերադարձած կրտսեր տարիքի բռնցքամարտիկներին
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել և շնորհավորել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Ամենակարևորը՝ նույն տրամաբանությամբ ու աշխատասիրությամբ շարունակեք մարզվել ու աշխատել: Սա դեռ սկիզբն է, պետք չէ թևավորվել այս արդյունքներից: Հիմա պետք է ավելի լավ պարապել, աշխատել, որպեսզի մեդալներ նվաճեք նաև մեծահասակների պայքարում»,–ասել է Գիլոյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ հավաքականի կազմում եղել են նաև այլ բռնցքամարտիկներ, որոնք արժանի էին մեդալներ նվաճելուն. «Հաշվի առնելով, թե որ երկրում էինք, ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաները, այս արդյունքը ևս գոհացնող կարելի է համարել: Հոգեբանորեն բավական բարդ մենամարտեր ենք անցկացրել: Բռնցքամարտում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի»:
Ֆեդերացիայի նախագահը փաստել է՝ առաջին անգամ է, որ ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչել հայոց օրհներգը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալների են արժանացել Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
Կարեն Գիլոյանն ընդունել է Թուրքիայից 6 մեդալով վերադարձած կրտսեր տարիքի բռնցքամարտիկներին
Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։
Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։
Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ:
Եվս մեկ մեդալ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը