ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Իջևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում նույն մարզի 2 բնակչի դանակահարած 33-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրականացվում են վարութային և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 06:40-ին։ «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ «ձախ թուլակողի ծակած-կտրած թափանցվող վերք» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած չթափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն մարզի 1987 և 1991թթ. ծնված երկու բնակիչ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
«Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ երկու տղամարդիկ տուժող են ճանաչվել և հարցաքննվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը նույն մարզի բնակիչ է`ծնված 1989թ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: