Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի դրոշի օրը

Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի պետական դրոշի օրը։
Միջոցառումը տեղի ունեցավ Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Հայաստանում) և Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման աջակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոս, Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին և նշել են Ռուսաստանի պետական դրոշի օրը՝ հանդիսավոր կերպով ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելով հերոսի հուշարձանի մոտ։
Միջոցառումը տեղի ունեցավ Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Հայաստանում), Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման աջակցությամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, ՀԿ-ների, ՊՆ-ի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի պետական դրոշի օրը։
Հայաստանի Վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ օրը նշանավոր է երկու կարևորագույն տարեթվերով՝ ծովակալ Իվան Իսակովի ծննդյան և ՌԴ պետական դրոշի օրվա կապակցությամբ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կցորդ Դենիս Նազարովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ևս ընդգծեց միջոցառման կարևորությունը:
«1991 թվականի այս օրը առաջին անգամ բարձրացվեց Ռուսաստանի դրոշը։ Այս տոնը խորհրդանշում է Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, օգնում է համախմբվել, պահպանել արժեքները»,- ասաց Նազարովը։
Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի դրոշի օրը։
Իսկ ականավոր զորավար, ծովակալ Հովհաննես Իսակովի ծնունդը միավորում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Նազարովը կարծում է, որ այն արժեքները, որոնք դարեր շարունակ միավորել են երկու ժողովուրդներին, այսօր էլ կօգնեն միասին զարգանալ։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության փոխղեկավար Վիկտորյա Դերիպասկոն նույնպես կարևորեց այս միջոցառումները:
«Այսօր՝ Ռուսաստանի պետական դրոշի օրը, մենք մեր դրոշի ներքո միավորել ենք բոլոր նրանց, ովքեր հարգում են հիշատակը, ստեղծում են ներկան և հավատով են նայում ապագային»,- ասաց Դերիպասկոն:

Իսկ ի՞նչ են ասում վետերանները

Հերոսի հիշատակը հարգելու էին եկել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը բացման խոսքում պատմեց ծովակալի մասին: Հայրենականի վետերան, 18-րդ բանակի 88-րդ առանձին գնդի վաշտի կապավոր Ռոզալյա Աբգարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծովակալ Իսակովը Նովոռոսիյսկի «Ставка»-ի (ռազմական ղեկավարության բարձրագույն մարմին) ներկայացուցիչ էր: Ստալինը, նրան այնտեղ ուղարկելով, հանձնարարել էր ամեն գնով պահպանել Սևծովյան նավատորմի՝ որպես հիմնական հարվածային ուժի մարտունակությունը, փրկել նավերն ու անձնակազմը։
«Ես ծառայել եմ 18-րդ դեսանտային բանակում, որը գնում էր Սև ծովի ափով, և մենք զբաղեցրինք այդ տարածքը, որը կոչվում էր «հրե երկիր», այն դարձավ ռազմավարական կետ»,- հիշում է Աբգարյանը:
Աղվան Պողոսյանը Իսակովի արձանի մոտ
Նրա խոսքով՝ հետագայում դա օգնեց նրանց Նովոռոսիյսկ քաղաքի պաշտպանության գործում։ Տիկին Ռոզան հիշում է, որ Նովոռոսիյսկը նրանք կարողացան ազատագրել վեց օրում՝ փողոցային մարտերի ընթացքում, ապա շարունակեցին գրոհը դեպի արևմուտք։
«Սա էր մեր կապը ծովակալի հետ։ Մենք միշտ հպարտանում էինք, որ մեր հայը նավատորմի ծովակալ է, որ այդքան մեծ ներդրում ունի մեր երկրի ազատագրման հարցում»,- ասաց Աբգարյանը։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Աղվան Պողոսյանը, որն այս տարվա նոյեմբերին 100 տարեկան կդառնա, նույնպես այս օրը խորհրդանշական է համարում։ Պատերազմի ժամանակ նա ժամկետային ծառայություն էր անցնում խորհրդային բանակում։
Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի դրոշի օրը։
«1941-ի հունիսին մեզ ուղարկեցին Ուկրաինա՝ պլանային զորավարժություններին մասնակցելու։ Ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ զորավարժությունների գիշերը պատերազմ կսկսվի»,- պատմեց Պողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա հատուկ ընդգծեց Դնեպրոպետրովսկի պաշտպանությունը, որտեղ խորհրդային բանակը համառ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ չնայած բազմաթիվ կորուստներին։ Պողոսյանն այնտեղ կոնտուզիա էր ստացել։ Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Կոտայքի մարզի հայրենի Արամուս գյուղ։
Իր հերթին Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը ներկաներին հիշեցրեց Հայրենական Մեծ պատերազմում ունեցած հաղթանակի գործում Իսակովի դերի մասին:
Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի դրոշի օրը. Ռոզա Աբգարյանը ձախից։

Երկու խոսք ծովակալի մասին

Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին։ Գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Առաջին համաշխարհայինի տարիներին ընդունվել է «Նավատորմի յունկեր» դպրոցը։ Ծառայել է «Ռիգա» ռազմանավի՝ Իլմեն լճի թիվ հրետանավի վրա, ապա կես տարի ծովային ականազերծման կուրսեր է անցել և 1919թ․-ի հուլիսից ծառայության է անցել «Կոբչիկ» պահականավում։ Այդ նավի վրա էլ 1919թ․-ի օգոստոսի 18-ի գիշերը մասնակցել է Կրոնշտադտի վրա անգլիական տորպեդային նավերի հարձակումը հետ մղելու գործողությանը՝ հրամանատարի բացակայության ժամանակ ստանձնելով նավի կառավարումը։
1941 թվականի հոկտեմբերից Իսակովը Կովկասյան ճակատում էր՝ որպես Անդրկովկասյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ (1942 թ․-ի օգոստոսից), նրան հանձնարարված էր Սևծովյան նավատորմի, Ազովի և Կասպյան նավատորմերի գործողությունները համակարգել ռազմաճակատների գործողությունների հետ։ Դա Ղրիմի ու Կովկասի համար կռվի ծանր շրջանն էր։ Գտնվելով առաջնագծում և ռմբակոծության տակ ընկնելով՝ ծովակալը 1942-ին ծանր վնասվածք է ստանում, որը հանգեցնում է ձախ ոտքի անդամահատմանը։
Երևանում նշեցին ծովակալ Իսակովի ծննդյան և Ռուսաստանի պետական դրոշի օրը։
Իսակովի ծանր վիրավորման հետ երկու պատմություն է կապված, երկուսն էլ՝ Ստալինի մասնակցությամբ։ 1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթից հետո խորհրդային բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հանդիսավոր ընդունելության ժամանակ շատ մարշալներ, գեներալներ և ծովակալներ կենացներ էին արտասանում՝ Հաղթանակի կենացը և Ստալինի կենացը։ Իսակովը նույնպես ցանկանում էր ելույթ ունենալ, բայց հասկանալի պատճառներով նրա համար դժվար էր սեղանի մոտից վեր կենալ և առջևում կանգնել։ Ստալինը դա նկատում է․ անձամբ մոտենում է Իսակովին և ամբողջ սրահին առաջարկում է խմել ծովակալի առողջության կենացը։
Պատերազմի ավարտից մեկ տարի անց Իսակովին ուշ գիշերով անսպասելիորեն զանգահարում է Ստալինը։ Կարճատև զրույցից հետո նա ծովակալին հարցնում է, թե վերջինս ինչպե՞ս կվերաբերվեր իրեն ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին վերադարձնելու որոշմանը։ «Ընկե՛ր Ստալին, ես մի ոտք չունեմ, այս վիճակում դժվար է նավի վրա լինել»:
Սակայն Ստալինը հակադարձում է, որ ավելի լավ է շտաբի պետի պաշտոնում լինի առանց ոտքի, բայց գլուխ ունեցող մարդ, քան երկու ոտքերով, բայց անուղեղ մեկը։