Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայով

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Լվովում Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ իր բանակցությունների արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սպասվում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի և ուկրաինական ճգնաժամի քննարկում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
«Թուրքիան շարունակում է իր ազնիվ միջնորդական դերն ունենալ այս հակամարտության մեջ՝ լինելով միակ երկիրը, որը ձեռք է բերել երկու կողմերի վստահությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Լվովում Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ իր բանակցությունների արդյունքները, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդին խնդրել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում իրադրության կարգավորման համար:
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Օգոստոսի 17-ին նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: