Բարեկամավանի բուժկետը վթարային շինությունից դպրոցի շենք կտեղափոխեն

Բարեկամավանի բուժկետը
Նոյեմբերյանի համայնքապետարանից վստահեցնում են, որ զբաղվում են խմելու ջրի մատակարարման խնդիրը վերացնելու հարցով` ներքին ցանցի կարգավորման աշխատանքներ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բուժկետը վթարային շինությունից դպրոցի շենք կտեղափոխեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Նոյեմբերյանի համայնքապետարանից։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր գյուղի բուժկետի անմխիթար վիճակի և այլ սուր խնդիրների մասին։
Նոյեմբերյան համայնքի (որի կազմում է ընդգրկված գյուղը) ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով` բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող կենտրոնի շենքի խնդիրները համայնքապետարանի և մարզպետարանի ուշադրության կենտրոնում են։
«Մարզպետարանը որոշել է Բարեկամավանի դպրոցում սենյակ հատկացնել բուժօգնություն ցուցաբերելու համար», – ասվում է գրավոր պատասխանում։
Ինչ վերաբերում է գյուղին խմելու ջրով ապահովելու հարցին, Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ներքին ցանցի կարգավորման աշխատանքներ են ընթանում։
«Քննարկվում է նաև մերձգյուղական աղբյուրներից ջրատար կառուցելու հնարավորությունը», – հայտնել է Աղաբաբյանը։
Ըստ նրա` համայնքապետարանը գործուն քայլեր է ձեռնարկում նաև գազամատակարարում ապահովելու համար ֆինանսական միջոցներ հայթայթելու համար։
Համայնքապետը հուսով է, որ մինչև տարեվերջ կամ ամենաուշը մինչև 2023 թվականի առաջին կիսամյակի ավարտը խնդիրը լուծված կլինի։
Գյուղի այլընտրանքային ճանապարհի (որը ադրբեջանական դիրքերի կողմից անմիջական տեսանելիության գոտում չի լինելու) ասֆալտապատման վերաբերյալ հարցին Նոյեմբերյանի համայնքապետը չի պատասխանել։
«Ասֆալտապատման հարցը ստրատեգիական է, ուստի հարցին պատասխանել չենք կարող»,– նշել է Աղաբաբյանը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի շենքը տիրազուրկ է, այդ պատճառով այն հնարավոր չէ վերանորոգել։