Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթել է միջազգային կինոփառատոնում

«Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնին ներկայացվում են բացառապես փաստագրական ֆիլմեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռեժիսոր Արա Մնացականյանի նկարահանած «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ։
Տեղեկացվում է, որ ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի:

Ֆիլմի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը։ Կինոնկարի օպերատորն Աշոտ Մկրտչյանն է, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշըն» ընկերությունը:

Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ, իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորներ:
Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ ներկայացնում են 20-րդ դարասկզբին, Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների և ամերիկացի բարեգործների կազմակերպած օգնության մանրամասները:
Նշենք, որ «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես փաստագրական կինոյի և փաստագրական դրամայի փառատոն է: