ԱՄՆ–ն ողջունում է Իրանի` ԳՀՀԾ–ի վերաբերյալ մի շարք պահանջներից հրաժարվելու որոշումը

Նեդ Փրայս
Ամերիկյան կողմը դեռ ուսումնասիրում է Թեհրանի փոխանցած դիտարկումները, որոնք կապված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու նախագծի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն ողջունում է Իրանի` միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ առնչություն չունեցող մի շարք պահանջներից հրաժարվելու որոշումը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Անկասկած, մեզ ոգևորում է այն փաստը, որ Իրանը որոշել է հրաժարվել մի շարք պահանջներից, սակայն փաստում ենք, որ դեռ մի շարք խնդրահարույց հարցեր կան»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Փրայսը ճեպազրույցի ընթացքում։
Դիվանագետի խոսքով` ԱՄՆ–ն դեռ ուսումնասիրում է Իրանի փոխանցած դիտարկումները` կապված միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու առաջարկների հետ, և հնարավորինս շուտ կպատասխանեն դրանց։
«Ինչ վերաբերում է այդ հարցին, մենք ոչ մի օր չենք ձգձգի», – վստահեցրել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։
Իրանը ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններում հրաժարվել է իր պահանջներից մեկից
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ սկսվեցին ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: