ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր բաց դռների օրվա շրջանակում անձամբ է շփվել իր գերատեսչության տարածքի այգում հավաքված այն քաղաքացիների հետ, որոնք ցանկանում էին նրան հարցեր ուղղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Դաշնային կառավարությունը մեզ խորհուրդ է տվել, թե որքան հաճախ է պետք ցնցուղ ընդունել։ Իսկ որքա՞ն հաճախ եք Դուք այն ընդունում»,- հարցրել է մի աղջիկ` հարուցելով ներկաների ծիծաղը։
«Ամեն օր»,- պատասխանել է Շոլցը։
Ավելի վաղ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ» կուսակցություն) էլեկտրաէներգիայի և գազի տնտեսման շրջանակում առաջարկել էր ջեռուցել միայն մեկ սենյակը և ցնցուղի փոխարեն թաց կտորով մաքրվել։ ԳԴՀ-ի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իր հերթին առաջարկել էր լողանալու համար հատուկ տնտեսող ցնցուղներ օգտագործել։ Նա խոստովանել էր, որ էներգախնայողության նպատակով «էապես կրճատել է ցնցուղ ընդունելու ժամանակը»։
Նախարարություններում և գերատեսչություններում բաց դռների օրն անցկացվում է ամեն տարի, սակայն համավարակով պայմանավորված` վերջին անգամ նման միջոցառում է անցկացվել 2019 թվականին։ Շոլցի և իր կառավարության համար այն առաջինն է։ Օգոստոսի 20-21-ը բոլոր ցանկացողները կարող էին այցելել նախարարություններ և այլ պաշտոնական գերատեսչություններ, ուղղել իրենց հարցերը նախարարներին և փոքրիկ հուշանվերներ ստանալ։