Հարգը պիտի բարձր լինի, քաշը՝ ավել, պատվիրատուին էլ երբեք չխաբել. Կոշտոյանների հինգ սերունդների արծաթագործներն այս երեք պատվիրաններով են իրենց անունն ու փեշակը պահում:
Գյումրեցի հայտնի վարպետ Ցոլակ Կոշտոյանի պատրաստած գոտիների, ապարանջանների ու կլկլանների հաջողության գրավականը հնի պահպանումն է. մինչ օրս օգտագործում է պապի կաղապարները, որոնք ավելի քան 150 տարվա պատմություն ունեն և ժառանգություն են մնացել Էրզրումից գաղթած նախապապերից, մեծ մասամբ աշխատում է պապի ու հոր գործիքներով: Հիմա դրանք ոչ միայն ինքն է գործածում, այլ նաև որդին՝ Արտյոմը, որն ամեն կերպ պահպանում է հայտնի արծաթագործների բարի ավանդույթները:
Պապից ու հորիս ժառանգություն ստացած գործիքը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Ցոլակն առաջին մատանիները 10 տարեկանում է պատրաստել: «Ես Աղաս պապիս չեմ տեսել, հայրիկիցս եմ սովորել այս արհեստը։ Երբ հայրս տեսավ` ինչպես եմ պատրաստում, ասաց՝ դու կապրես, հիմա էլ անչափ ուրախ եմ, որ որդիս է իմ արհեստի շարունակողը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է վարպետը։
Ցոլակ Կոշտոյանի աշխատանքներից
© Photo : provided by Tsolak Koshtoyan
Նրա խոսքով` թեև ժամանակակից նախշերով ու ոճով զարդերն այսօր շատ պահանջված են, բայց իրենք չեն փոխում շիրակյան նախշերը հին տեխնոլոգիայով զարդերին ու կլկլաններին հանձնելու ձեռագիրը. սրանով են Կոշտոյանների գործերը տարբերվում մյուսներից:
Ցոլակ Կոշտոյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արծաթը հանգստացնում է. հենց դրա համար էլ վարպետը սիրում է այդ մետաղով աշխատել։ Ոսկուց իրեր շատ քիչ է պատրաստում:
«Հպարտ եմ, որ իմ կլկլանները հայտնի մարդկանց են նվիրել, ինձ համար դա ամենամեծ գնահատականն է՝ Հռոմի պապին, Վլադիմիր Սպիվակովին։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Սպիվակովը մշակույթով ապրեցրեց Գյումրին, իսկ որպես նվեր իմ կլկլանը նրան բաժին հասավ։ Դա ինձ համար ամենամեծ ճանաչումն է»,- ասում է վարպետը և ավելացնում` շատերն են ցանկանում հատկապես Հռոմի պապին նվիրած իր կլկլանից պատվիրել որդիների կամ թոռների համար:
Ժամանակին Կոշտոյանները երկու արհեստանոց ունեին Գյումրու կենտրոնում։ Խորհրդային տարիներին արհեստով զբաղվելն արգելվում էր, արհեստանոցները` փակվում, բոլորը սկսեցին աշխատել գործարաններում, իսկ աշխատանքից հետո տանը թաքուն էին զբաղվում իրենց արհեստով: Այդպես Ցոլակ ու Արտյոմ Կոշտոյանները մեծ արհեստանոցի փոխարեն հիմա տան մի անկյունում են աշխատում։ Հյուրասենյակում պապի՝ Գերմանիայից 1860 թվականին բերած երկաթյա մամլակն է: Ճիշտ է` նեղվածք է, մի քիչ անհարմար, բայց վարպետները դրանից չեն դժգոհում. կարևորը` պահանջարկ լինի ու հինը չմոռացվի:
Իսկ այդ մամլակը գրեթե միշտ աշխատել է, միայն Սպիտակի երկրաշարժից հետո է Ցոլակ Կոշտոյանը հավաքել գործիքները. ժողովուրդը զարդ պատվիրելու սիրտ ու հավես չուներ, բայց կարճ ժամանակ անց արծաթն իր ձեռքն առնելու կարոտը վարպետին ստիպեց վերսկսել աշխատանքը:
«Նորից հանեցի գործիքներս ու սկսեցի աշխատել»,- ասում է արծաթագործը։
Կոշտոյանների պատրաստած գոտիները
© Photo : provided by Tsolak Koshtoyan
Եթե կլկլանը, կանանց գոտիներն ու ապարանջանները գնորդի պակաս չունեն, ապա վարպետը ցավով նշում է, որ տղամարդու գոտին այլևս պահանջարկ չունի:
«Ուզում եմ, որ այս գործիքներն ինձնից հետո պահպանվեն, աշխատեն, թանգարան չգնան: Չեմ դժգոհում, իմ ու որդուս պատրաստած զարդերը պահանջարկ ունեն։ Ցուցահանդես-տոնավաճառներին մեր սեղանը ասես ձգող լինի. հիացողները շատ են»,- նշում է նա։
Գյումրիում այս արհեստը երկար կապրի. պապական արհեստն ու տարիների փորձը վարպետ Ցոլակը ոչ միայն որդուն է փոխանցել, այլև ուսանողներին։ Աշխատում է Շիրակի պետական համալսարանի Կերպարվեստի ամբիոնում, նույնիսկ աղջիկ ուսանողներ ունի, որոնք ցանկանում են արծաթագործ դառնալ:
Պապի արհեստով արդեն յոթնամյա Նարեկն է հետաքրքրվում, սիրում է հայրիկի ու պապիկի աշխատանքին հետևել, իսկ 9 տարեկան թոռնուհին՝ Սյուզին, ասում է. «Պապի՛կ, ես քո պես արծաթագործ եմ դառնալու»:
Թոռների ցանկությունը պապի սրտով է…
Կոշտոյանների աշխատանքներից
© Sputnik / Armenuhi Mkhoyan