ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայկական արշավախումբը Մասիսի գագաթ արշավի ժամանակ այնտեղ է տարել ոչ միայն հայկական եռագույնը, այլ նաև շամպայն ու մատանիներ։
«Համշեն տուրի» զբոսավարներ Նադյան և Յուրան ամուսնացել են հենց Մասիսի գագաթին։ Տեղեկությունը հայտնում է «Համշեն տուրը»` ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրելով։
Տեսանյութի հեշթեգն է` «Երազանք իրականացնողները»։
Զույգը Մասիսի գագաթին ամուսնական մատանիներ է փոխանակել, իսկ ներկաները հայտնի հարսանեկան քայլերգն են երգել, որպեսզի արարողության որևէ բաղադրիչ պակաս չլինի։ Ավելին, ներկաները նաև շամպայնով շնորհավորել են զույգին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին իրենց ձեռքը դրել են չամուսնացածների գլխին` տարոսը նրանց փոխանցելով։ Տեսանյութի տակ շատերն են մեկնաբանություն թողել` զույգին երջանկություն մաղթելով։
Հավելենք, որ արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին։