ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո կինոարտադրության ներկայացուցիչներն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում համագործակցել իր հետ:
«Երեկ ինձ հեռացրել են ևս մեկ աշխատանքից։ Ես լիովին պատրաստ էի նկարահանվել այս ֆիլմում, մնում էր միայն ինքնաթիռ նստել»,-ասել է դերասանը։
Նա պատմել է, որ մի քանի ամիս բանակցություններ է վարել նկարահանումներ սկսելու շուրջ, արդյունքում պատասխանել են, որ չեն ցանկանում նրան նկարահանել հայտնի միջադեպի պատճառով:
Բոլդուինը նշել է, որ արդեն մտածում էր կինոարտադրության ոլորտից հեռանալու մասին և հակառակը համոզել կարողացել է կինը՝ Հիլարին, որն էլ օգնում է նրան հաղթահարել տեղի ունեցածը։ Բոլդուինն ավելացրել է, որ այլևս չի նկարահանվի իրական զենքով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել է ֆիլմի օպերատորին: Վիրավորին ուղղաթիռով հոսպիտալացրել են, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ դատարանի արձանագրությունների՝ ատրճանակը Բոլդուինին հանձնել է ոչ թե ֆիլմի հրացանագործը, այլ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը, որը 2019 թվականին հեռացվել է հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակից՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման համար։ Նա ատրճանակը հանձնել է Բոլդուինին՝ ասելով, որ զենքը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով։ Իսկ ֆիլմի հրացանագործը, որը պատասխանատու էր նկարահանման հրապարակում զինամթերք պահելու համար, զարմացել է, թե ինչպես կարող էր մարտական պարկուճը հայտնվել ատրճանակի մեջ։