ՌԱԴԻՈ

Անունը կա, ամանում չկա. ինչպե՞ս են որսի մասին օրենքի բացերն ազդում ոլորտի վրա

«Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում սիրողական որսաշրջանի մեկնարկին և որսորդության հետ կապված խնդիրներին։
Sputnik
Հայաստանում որսի նկատմամբ չկա համապատասխան վերահսկողություն, այսինքն` նախարարը տալիս է որսի սեզոնի բացման հրաման, նշվում են կենդանիների ու թռչունների համապատասխան չափաքանակները, սակայն տեսչական մարմիններն ի զորու չեն վերահսկելու գործընթացը, որովհետև չունեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ և մարդկային ռեսուրսներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանը։
Նշենք` շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել են 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Ըստ այդմ` որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի սահմանափակ որս։

«Պետք է ուժեղացնել տեսչական մարմինները և ազդել որսորդների մտածողության վրա, իսկ գիտակից որսորդ ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացնել որսորդական հանրությունը մասնագիտացված որսորդական ՀԿ-ների միջոցով, սակայն վերջիններիս խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Կարելի է հարյուր տեսական կարգ մշակել, վարչական միջոցառումներ իրականացնել, բայց քանի դեռ որսորդը չի հասկացել ժամանակակից որսի տրամաբանությունն ու էությունը, մենք մեր երկրում քաղաքակիրթ որսորդություն չենք կարող ունենալ»,- ասաց Սարիբեկյանը։

Ըստ նրա` տեսչական մարմիններն ունեն անելիքներ, բայց չեն կարողանում մեծ ծավալի աշխատանք իրականացնել, որովհետև Հայաստանի ամբողջ տարածքում մի քանի տասնյակ հազարավոր որսորդների որսը վերահսկել հնարավոր չէ առկա պայմաններում։
Սարիբեկյանի պնդմամբ` որսորդական ՀԿ-ները գնալով արժեզրկվում են, որովհետև «Որսի և որսորդական տնտեսությունների մասին» օրենքում կան մի շարք դրույթներ, որոնք մինչ այժմ կիրառված չեն։ Ըստ նրա` այդ օրենքով նախատեսված է միասնական որսորդական վկայական, որը ստանալու համար մարդիկ պետք է որսմինիմում հանձնեն, մինչդեռ ցայսօր չի մշակվել այդ որսմինիմումը` քննության համար նախատեսված որսի կանոնների հավաքածուն, հարցերի ցանկը։
Ո՞րն է որսորդներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նպատակը
«Եթե որսորդական ՀԿ-ն բարեխիղճ է, ապա իր շարքերն է ընդունում այնպիսի մարդկանց, որոնք իր մոտ հանձնում են այդ մինիմումը, բայց քանի որ պաշտոնական փաստաթուղթ չկա, մասնագիտացված ՀԿ-ները քննությունը կազմակերպում են իրենց նախաձեռնությամբ, մինչդեռ պետությունն ինքը պետք է մշակի որսմինիմում, և քաղաքացին էլ միասնական որսորդական վկայականը պետք է ստանա պետությունից, այլ ոչ թե առանձին ՀԿ-ից»,- ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգողը։
Նրա բնութագրմամբ` հրացանավոր մարդ լինելը դեռևս որսորդ լինել չի նշանակում, քանի որ որսորդությունը կուլտուրա է, մշակույթ և ապրելակերպ, ավանդույթների ամբողջություն, որը փոխանցվում է սերնդեսերունդ, հետևաբար չի կարելի ընդհանրացնել հրացանավոր մարդկանց և որսորդներին, այ, հենց այդտեղ է, ըստ Սարիբեկյանի, մասնագիտացված կազմակերպությունների դերն ու նշանակությունը։

«Հայաստանում կա զենքի մասին օրենք, ՀՀ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել երկու ճանապարհով` մեկն ինքնապաշտպանության նպատակով (այդ դեպքում պետք է ապացուցի, որ իսկապես ինքնապաշտպանության համար է և զենք ստանալու համար անցնի երկար ընթացակարգեր), իսկ մյուս ճանապարհը, որն ավելի դյուրին է, որսորդությամբ զբաղվելու նպատակով որսորդմիության անդամ դառնալն է»,- բացատրեց Սարիբեկյանը։

Նրա համոզմամբ` զենքի մասին օրենքից պետք է հանել որոշ սահմանափակումներ, և քանի որ պետությունը թույլ է տալիս քաղաքացուն զենք ձեռք բերել, ուրեմն պետք է հեշտացնի այդ գործընթացը, այլ ոչ թե ուղղորդի զարտուղի ճանապարհներով գնալ և որսորդմիության անդամ դառնալ զենք ձեռք բերելու համար։
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը վերը նշված հրամանը ստորագրել է օգոստոսի 11-ին։
Մարդիկ կկրակեն իրար վրա. փորձագետները մտահոգված են Հայաստանում «որսորդական» նոր օրենքներով
Ըստ այդմ, որս կարելի է անել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին տրամադրվում են նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։