ՌԱԴԻՈ

Զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիրը 60%-ի էֆեկտիվություն էլ չի ունենա. Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զբաղվածության պետական աջակցության նոր ծրագրին։
Sputnik
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիրն այդքան էլ արդյունավետ չէ և նույնիսկ 60 տոկոսի էֆեկտիվություն չի ունենա։ Նման կարծիք ունի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիր, որի համաձայն` գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մակարյանն ասաց, որ հիմնականում կա երկու պրոբլեմ. առաջինն այն է, որ գործատուների մեծ մասը չի ուզում գործ ունենալ պետական մարմնի հետ` համարելով, որ դա իր համար կոնֆլիկտային է, սուր է, ուստի փորձում է խուսափել հարաբերվելուց։ Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ գործազուրկ մարդկանց մեծ մասն անմրցունակ է, առանց վերապատրաստման ցածրորակ աշխատուժ է, ինչը գործատուին էականորեն չի հետաքրքրում, հետևաբար գործատուները նախընտրում են նման կոնտինգենտի հետ գործ չունենալ։

«Մի քանի տարի առաջ կար նմանատիպ ծրագիր ավելի փոքր թվերով, սակայն դա առանձնապես չմոտիվացրեց գործատուներին, որպեսզի նրանք գործազուրկներին աշխատանքի վերցնեն, որովհետև հիմնական խուսափողական պատճառը կապված էր աշխատանքային պայմանագիրը պարտադիր մեկ տարի պահելու պահանջի հետ, քանզի եթե շուտ խզվեր պայմանագիրը, ապա գործատուն, անկախ այն հանգամանքից, թե երբ էր խզվել պայմանագիրը, պարտավորվում էր ամբողջ տարվա գումարը վերադարձնել աշխատողին։ Եթե անգամ պայմանագիրը կնքվեր 11-րդ ամսում, միևնույն է, գործատուն պետք է վճարեր 11-րդ ամսվա և ամբողջ տարվա գումարը, որ կոմպենսացրել էր պետությունը»,- պարզաբանեց Մակարյանը։

Նրա խոսքով` աշխատանքի և սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչությունը հետո մտածեց, որ գուցե ավելի ճիշտ կլինի, եթե պայմանագրի ժամկետն ընդհատվելու դեպքում աշխատողին վերադարձվի միայն չաշխատած ժամանակահատվածի գումարը, սակայն խնդիրը, ըստ Մակարյանի, միայն գումարի մեջ չէ։
«Նախարարությունը փորձում է ծրագրեր իրականացնել մարդկանց համար, որոնք տևական ժամանակ ունեն գործազուրկի կարգավիճակ և շարունակաբար իբր աշխատանք չեն գտնում շուկայում կամ իսկապես չեն կարող աշխատել, սակայն նման ծրագրերն արդյունավետ չեն, ուստի նախարարությունը պետք է իր ուշադրությունը սևեռի այլ ուղղության վրա։ Լուծումներից մեկը, օրինակ, պետք է լինի այն, որ զբաղվածության հարցում շահագրգիռ կողմ հանդիսացող էկոնոմիկայի նախարարության հետ մշակվեն այնպիսի մոտեցումներ, որոնց շնորհիվ որոշակի ճյուղերում որոշակի տնտեսական մոդելով հնարավոր կլինի իսկապես արդյունավետորեն աջակցել գործազուրկներին, այսինքն` ընտրությունը լինի թիրախային»,- ասաց Մակարյանը։
Նշենք, որ վերոհիշյալ ծրագրի շահառուները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված նպաստառու գործազուրկներն են, ինչպես նաև 35 տարեկանից բարձր և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիները։
Նոնսենս է. կարո՞ղ էր արդյոք հետպատերազմական շրջանում նվազել գործազուրկների թիվը
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝ չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս: