ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուժայիններին հաջողվեց Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն վնասազերծել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
Հայտնել էինք, որ մի քաղաքացի, նռնակով և ատրճանակով զինված, օգոստոսի 19–ի ժամը 21։10-ի սահմանում մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։
Դեպքից ժամեր անց ուժայինները մտան շենք և հատուկ օպերացիա իրականացրին։
«Տղամարդուն վնասազերծել են, սակայն դեռ շենքից դուրս չեն բերել»,–ասաց փոխքաղաքապետը։
Նշենք, որ դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնց հաջողվել է դուրս բերել շենքից։
Ըստ լուրերի` շենքի ներսում գտնվող անձը Մասիսի ավագանու նախկին անդամ է։
Նշենք, որ սոցցանցերում արդեն «շրջում է» տղամարդու լուսանկարը։