ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայկական Կարմիր խաչ ընկերության հետ ամրաշինական և ամրակապման աշխատանքներ է իրականացրել որոնումները նկուղային հարկում շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
«Այդ աշխատանքները կատարվել են փրկարարների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ պայթյունի ենթադրյալ վայրում իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Առկա է փլուզման վտանգ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները։
Հայկական Կարմիր Խաչ ընկերության թիմը մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։
Օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։