ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից գրեթե 1 շաբաթ անց էլ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Այժմ աշխատանքները շարունակվում են 1 տեղամասով, ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։
Օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։