ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման (ՌՀՍԿ) պայմանագրով նախատեսված ստուգումների վերսկսման ճանապարհին խոչընդոտների վերացման ուղղությամբ, հարցերի մի մասն արդեն հաջողվել է կարգավորել: Այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:
«ՌՀՍԿ-ի մասին պայմանագրի վերաբերյալ տեսչական գործունեությունն իսկապես դադարեցվել է 2020 թվականի սկզբից՝ կողմերի համաձայնությամբ, COVID-19-ի համավարակի պատճառով։ Մենք ամերիկացի գործընկերների հետ սերտորեն աշխատում ենք ՌՀՍԿՊ-ի երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի շրջանակում տեսչական ստուգումների վերսկսման համար կազմակերպչական և տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ: Որոշ հարցեր հաջողվել է կարգավորել, բայց ոչ բոլորը»,-ասված է դիվանագիտական առաքելության մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ խնդիրները պայմանավորված են ԱՄՆ-ի կողմից միակողմանի կարգով հաստատված հակառուսական սահմանափակումներով։ Դեսպանատան հայտարարության համաձայն՝ Պետդեպարտամենտի պնդումներն այն մասին, որ պատժամիջոցները չեն խոչընդոտում ամերիկյան տարածքում ՌՀՍԿՊ-ի վերաբերյալ տեսչական ստուգումների անցկացմանը, կեղծավորություն են:
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունն ընդհատվել է։ Վաշինգտոնի դաշնակիցները փակել են իրենց օդային տարածքը տեսուչներին ԱՄՆ տեղափոխող ռուսական ինքնաթիռների տարանցիկ թռիչքների և տեխնիկական կանգառների համար: Մեր տեսչական խմբերի և թռիչքային անձնակազմերի անդամների համար խոչընդոտներ են ստեղծվում տարանցիկ վիզա ստանալու հարցում։ Ամերիկյան կողմն այդ բոլոր խնդիրները չունի։ Արդյունքում Վաշինգտոնն ակնհայտ առավելություն է ստանում»,- նշել են դեսպանատանը։
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցրել է, որ ՌՀՍԿՊ-ի վերաբերյալ վերջին ամփոփիչ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իրենց ուղերձներում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հաստատել են իրենց հավատարմությունը ՌՀՍԿՊ-ի ռեժիմին: Դրա հետ մեկտեղ ամերիկյան կողմը մինչև հիմա Ռուսաստանին որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացրել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին։
«Մինչդեռ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրն ավարտվում է 3,5 տարի հետո: Ռուս-ամերիկյան նախկին բանակցությունների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ երկու կողմերի պատրաստակամության դեպքում համաձայնագրի մշակման համար մնացած ժամանակը չափազանց քիչ է»,- ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում՝ Վաշինգտոնին կոչ անելով սպառազինությունների վերահսկման ոլորտում փոխգործակցել իրավահավասար հիմունքներով: