Նախարարությունը Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների համար զիջումների չի գնա

Բեռնատարների կշռման կետ. արխիվային լուսանկար
Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի հատվածներից մեկը փակած վարորդները պահանջում են վերանայել մեծ բեռնատարների թույլատրելի առավելագույն քաշը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել բեռնատարների թույլատրելի կշիռն ավելացնելու՝ վարորդների առաջարկը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Բեռնատարների վարորդները շարունակում են փակ պահել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: Վարորդները պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։
Հարությունյանի խոսքով՝ վարորդների հետ հանդիպում է կայացել հինգշաբթի` օգոստոսի 18-ին։ Մասնակցել են փոխնախարարը, քաղաքաշինության տեսչության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ներկայացուցիչները և իրենք՝ վարորդները։

«Վարորդներին հիմնավորել են, որ սահմանված չափը՝ 26 տոննան, համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Հիմնավորել են, որ դրանից ավել քաշը էական վնաս է հասցնում ճանապարհներին։ Վարորդների ներկայացուցչին ասվել է, որ իրենց պահանջած քաշի փոփոխությունը չի լինելու»,- ասաց Հարությունյանը։

Այս պահի դրությամբ նախարարությունում նոր քննարկումներ կամ հանդիպումներ նախատեսված չեն։
Ավելի վաղ հանդիպմանը մասնակցող վարորդներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նախարարության առաջարկները իրականությունից հեռու են և անընդունելի։
Նշենք, որ ճանապարհը փակած վարորդները միայն մարդատար մեքենաներին են թույլ տալիս անցնել։ Նրանք մարզպետի հետ հանդիպում և խնդրի լուծում են պահանջում։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին նույնպես վարորդները փակել էին ճանապարհը։ ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր` նախարար Գնել Սանոսյանը բանակցել է Սիսիանի շրջանում Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այնտեղ կանգնած մեքենաները կկշռվեն, և որոնք նորմայի սահմաններում են, կանցնեն, որպեսզի խցանումը բացվի։