Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ

Ոստիկանական ավտոմեքենա
Դեպքի վայրում է եղել նաև Էդուարդ Մարգարյանի մայրը, որը որդուն խնդրել է դուրս գալ և կտրուկ գործողություններ չանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանում ինքնասպան եղած տղամարդը աղմկահարույց դեպքից առաջ իր մոտ եղած նռնակներից մեկը պատուհանից դուրս է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։
«Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Դեպքի պահին քաղաքապետարանի շենքում պահակն է եղել, որը դուռը բացել է, տղամարդն էլ նռնակներով ներս է մտել, բարձրացել է ընդունարան։ Պատուհանից մեկ նռնակ է շպրտել, երկու անգամ էլ կրակել է, ու այդ ամենից հետո տեսել են, որ ինքնասպան է եղել»,– նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով` Մարգարյանը սպառնացել է պահակին, ինչից հետո նա ներս է թողել զինված տղամարդուն։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ Էդվարդ Մարգարյանը քաղաքապետարան գնալուց առաջ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունեցել Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում։ Հանդիպմանը Մարգարյանն իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի։
«40-50 րոպե անց Մարգարյանը գնացել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատավայր, մտել ներս և այնտեղ գտնվող պահակի հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Բարձրացել է 4-րդ հարկ, որտեղից էլ 2 անգամ կրակոց է արձակել և նռնակ նետել։ Դեպքի վայրում, բացի բազմաթիվ ոստիկաններից և քննիչներից, եղել է նաև տղամարդու մայրը, որը նույնպես խնդրել է որդուն դուրս գալ և կտրուկ գործողությունների չդիմել, ինչը Մարգարյանն անպատասխան է թողել»,– հայտնում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի` գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով, իսկ Համբարձումյանի աշխատասեղանի վրա եղել է 1 հատ «Ֆ–1» տեսակի նռնակ ու ատրճանակից կրակված 2 պարկուճ։