ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանում ինքնասպան եղած տղամարդը աղմկահարույց դեպքից առաջ հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։
«Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել է, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է` քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը` ժամը 21:20-ի սահմաններում, նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում։
Տղամարդուն վնասազերծելու համար ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շրջանակում ժամը 00:30-ի սահմանում Մասիսի համայնքապետարանի 4-րդ հարկում տեղակայված՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային մուտքային և ելքային վնասվածքով:
Համայնքապետարանի վարչական շենքի մոտ հայտնաբերվել են բեկորային վնասվածքներով «Մազդա » և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։