ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը օգոստոսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել մի քաղաքացու, որը հետախուզվում էր 2015 թ. փետրվարի 19-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«44-ամյա Վահանիկ Ա.-ն ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով»,- ասված է հաղորդագրությունում:
Նա փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները նույն օրը Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Դիլիջանի բաժին են տարել 60-ամյա Սուրեն Ս.-ին, որը հուլիսի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (պաշտոնատար անձին կաշառք տալը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: