Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում

Ծանրամարտ
Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային 16-ամյա Էմմա Պողոսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով նվաճել են 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի, հրում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը և երկամարտի 287 կգ արդյունքով (159+128) դարձել բրոնզե մեդալակիր: Նա 3-րդ տեղն է զբաղեցրել նաև հրում վարժությունում՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի (159 կգ)»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ էր սահմանել ու արժանացել էր նաև երկու փոքր ոսկե մեդալի:
Եվրոպայի չեմպիոններ էին դարձել նաև Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը (Մ15), իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:
Հայաստանի Մ15 տարեկանների և աղջիկների պատանեկան հավաքականները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ, իսկ տղաների պատանեկան հավաքականը՝ 3-րդ հորիզոնականը: