Զապորոժիեի ԱԷԿ այցելելու մասին որոշում ՄԱԳԱՏԷ-ն կընդունի` հաշվի առնելով կողմերի կարծիքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն ինքնուրույն գործակալություն է՝ շատ հստակ լիազորություններով ու վարչությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Որոշումն այն մասին, թե որ երթուղով պետք է հասնել Զապորոժիեի ԱԷԿ, ընդունելու է ՄԱԳԱՏԷ-ն՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու Կիևի կարծիքը: Տեղեկությունն Օդեսայում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«ՄԱԳԱՏԷ-ն ինքնուրույն գործակալություն է՝ շատ հստակ լիազորություններով ու վարչությամբ։ Այնպես որ, ՄԱԳԱՏԷ-ն է որոշելու՝ ինչպես ու երբ այցելել Զապորոժիեի ԱԷԿ, ինչպես տեսչություն անցկացնել, ինչպես ապահովել ներկայությունը»,- ասել է Գուտերեշը։

Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Օգոստոսի 17-ին նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: