ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրը, տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: 3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:
«Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- ասված է գրառման մեջ։
Հավելենք, որ Ռադիկ Հովակիմյանը Լոռու մարզի Մարց գյուղից էր։ Ժամկետային զինծառայության էր անցել 2019-ի հունվարի 20-ին` ԼՂ-ում։ Եղել է հակահրետանավոր և 2020-ի սեպտեմբերի 28-ին վիրավորում ստացել։ Նա ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան. ցավոք, նրան փրկել չի հաջողվել` հոկտեմբերի 3-ին Ռադիկ Հովակիմյանը մահացել է։