Տավուշում շունը կծել է արծվաբերդցուն և սատկել

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդի ԲԿ և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Տավուշի Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, մի քանի ժամ անց սատկել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ն։
«ՍԱՏՄ-ն օգոստոսի 16-ին է ահազանգ ստացել. տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տուժած անձն անմիջապես դիմել է Բերդի ԲԿ և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել: