«Սուրմալուին» հարող տարածքից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ

«Սուրմալուն» աղետից հետո. Արխիվային լուսանկար
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Կենտրոն վարչական շրջանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Տեղեկությունը հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։