«Սուրմալուի» պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից

Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող տուժածների վիճակը բավարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով տուժածներից 3-ը շարունակում են բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Եվս մեկ քաղաքացի դուրս է գրվել, երեք տուժածներ շարունակում են բուժումը նրանց վիճակը բավարար է, ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նրանք ևս դուրս կգրվեն»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին