Ռոման Բաղդասարյանի դեմ քրգործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով

Արցախի ԱԱԾ–ն պարզել է, որ Ռոման Բաղդասարյանի ասածները «նախկին գեներալների» վերաբերյալ սուտ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բլոգեր Ռոման Բաղդասարյանի` նախկին գեներալների վերաբերյալ արած հայտարարություները իրականությանը չեն համապատասխանել, նրա դեմ սուտ մատնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
Ռոման Բաղդասարյանը նախորդ տարի իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։
«Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են։ Հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է»,–ասված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։ Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։