ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով իրականացված հողերի օտարման դեպքեր։
Ըստ ՊՎԾ–ի` 2017թ.–ին Երևանի նախկին քաղաքապետի որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1 921 300 դրամով օտարվել է Երևանի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը: Այն գտնվում է կառուցապատման 1-ին գծում, ունի փողոցին հարող շուրջ 31.1մ երկարություն և 20.37մ լայնություն։ ՊՎԾ–ի եզրակացությամբ` հողամասը հանդիսացել է առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր աճուրդով, ինչը չի արվել։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի` 2017թ.–ի մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին է օտարվել նույն տարածքում գտնվող մեկ այլ հողամաս` 708.67քմ–ը` 3.206.020 դրամով։
Բացի այդ, պարզվել է, որ վաճառված հողամասին հարակից 431.3քմ մակերեսով հողամասը ևս նույն ժամանակահատվածում վաճառվել է մասնավոր սեփականատիրոջ կողմից` մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով։ Մինչդեռ նույն տարածքի նախորդ հողամասը քաղաքապետարանը վաճառել է 7.2 անգամ էժան` 1 քմ–ը 4.500 դրամով։
«Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար»,– հայտնում են ՊՎԾ–ից։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ օտարված բոլոր հողամասերում արդեն կառուցվել են թաունհաուսներ: