ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքի պարբերական գնդակոծությունները մեծ աղետի առաջացման վտանգ են ստեղծում, որը կարող է հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահները կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ. առաքելությունը կկարողանա տեղում գնահատել իրական վիճակը: Ռուսական կողմը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
«Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին ուղղված՝ Ելենովկայում գտնվող քննչական մեկուսարան այցելելու հրավերի մասին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են այնտեղ պահվող մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ»,- հայտնել են Կրեմլում:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «փաթեթային» գործարքի իրականացման ընթացքի մասին՝ սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսբերման և համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ:
Ուշադրություն է հրավիրվել այն հարցին, որ վերոհիշյալ ռուսական արտահանման համար խոչընդոտները շարունակում են պահպանվել, ինչը չի նպաստում գլոբալ պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծմանը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված և այլ հարցերի շուրջ:
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Օգոստոսի 17-ին նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։