Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումների հեռանկարը

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կայացել է հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները մասնակցելու են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացմանը և որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով է մեկնել հարևան Վրաստան։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի գրասենյակից էլ հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում, որոնց թվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ավելի վաղ կայացած հանդիպումը Թբիլիսիում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին կրկին ցավակցություն է հայտնել Փաշինյանին ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:
Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ այսօր կեսօրին, երբ վրացական մամուլը հայտնեց, որ «Բարեկամության» կամրջի բացման արարողությունը հայ –վրացական սահմանին երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու ժամը 14։00-ին։ Մինչ այդ հայկական կողմը նախատեսվող այցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել։
Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին