ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Մասիսի քաղաքապետարանի մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնեց` նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։
«Անձը, ըստ էության, ոչ սթափ վիճակում 1.5-2 ժամ առաջ նռնակով և ատրճանակով մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, ներսից պայթյուն է լսվել։ Նա մինչ այս պահը գտնվում է քաղաքապետարանի շենքում` դեռևս չեն վնասազերծել նրան։ Բարեբախտաբար, այդ պահին աշխատակիցներ չեն եղել շենքում` միայն պահակն է եղել, որն էլ այս պահին մեզ հետ է»,–ասաց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով` ականատեսներն ասել են, որ կրակոցների ձայներ են լսվել, սակայն այս պահին կրակոցներ չկան։ Այս պահին, ըստ Հակոբյանի, ուժային կառույցները` ոստիկանությունը, ԱԱԾ–ն հատուկ գործողություններ են կատարում։
Փոխքաղաքապետն ասաց, որ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հայտարարություն չի արել. հակառակ դեպքում նման քայլի կդիմեր աշխատանքային ժամի։